5 հուլիսի 2013 - 17:34 AMT
Օմբուդսմենը բողոքի նոտա է հղելու՝ դատապարտելով մոլդովացի փաստաբանի պահվածքը և հայտարարությունները

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է բողոքի համապատասխան նոտա հղել Օմբուդսմենների և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը նշեց, որ գրությունները կուղարկվեն առաջին իսկ աշխատանքային օրը։

«Օմբուդսմենն անպայման կարձագանքի տեղի ունեցածին և մոլդովացի փաստաբանի անհարիր պահվածքն ու հայտարարությունները դատապարտող գրությունները կուղարկվեն բոլոր համապատասխան կառույցներին», - ասաց նա։

Մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն երեկ Հայաստանի խորհրդարանում միջազգային խորհրդաժողովի ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, ադրբեջանական քարոզչության թեզերով հայտարարություն է արել՝ նշելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Հայաստանի խորհրդարանում մոլդովացի փաստաբանը Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»։