
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը հանդիպել են Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Երևանի պատվիրակության անդամներն առաջարկել են ուսումնասիրել Երևանի Արաբկիր և Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանների ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման, նոր կանաչ գոտիների, շատրվանային համլիրների ստեղծման ու այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, համագործակցության պատրաստակամություն հայտնելով, նշել են, որ գործընթացն սկսելու համար երևանյան կողմից վերոնշյալ ծրագրերի մասին ավելի մանրամասն տեղեկատավտություն են ակնկալում:
Կողմերը պայմանավորվել են նշված հարցերի շուրջ առաջիկայում առավել մանրամասն քննարկումներ կազմակերպել, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: