
Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Երևանի «Անի» հյուրանոցից դուրս է եկել այսօր առավոտյան, մոտ ժամը 12։00-ին՝ Ռումինիայի դեսպանատան աշխատակցի ուղեկցությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը։
«Օդանավակայան մեկնող պատվիրակության մեքենան նրան երկար ժամանակ սպասել է հյուրանոցի դիմաց, բայց նա չի ուզել իջնել ու խմբի հետ մեկնել։ Խումբը մեկնել է, իսկ նրա համար հերթապահ մեքենա է թողնվել։ Դրանից քիչ անց հյուրանոց է եկել Ռումինիայի դեսպանատան աշխատակիցը, նշել, որ Աուրելիա Գրիգորիուն Ռումինիայի քաղաքացի է և պետք է իր հետ գնա, որից հետո փաստաբանը և դեսպանատան աշխատակիցը միասին հեռացել են», - ասաց Պապիկյանը։
Սահամանադրական դատարանն է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին Երևանում հյուրընկալող կողմը։ Այս խորհրդաժողովի ժամանակ է Աուրելիա Գրիգորիուն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հանդես եկել հակահայկական ելույթով, որը ադրբեջանական ստահոտ քարոզչություն էր հիշեցնում:
Նա Հայաստանի խորհրդարանում Հայաստանին անվանել է «ագրեսոր երկիր», նշելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր առավոտյան սկսել էին տեղեկություն տարածել, թե Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուին Երևանում սպառնում են հնարավոր բոլոր միջոցներով, նա վախենում է դուրս գալ հյուրանոցից։ Տեղեկությունը նրանց տրամադրել է փաստաբանի ամուսինը՝ Դիմիտրի Գրիգորիուն։ Նրա խոսքով այս գիշեր կինը պետք է Մոլդովա վերադառնար, բայց նրան չեն նստեցրել պատվիրակությանը օդանավակայան տեղափոխող մեքենան։
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Անի» հյուրանոցի ադմինիստրացիայից տեղեկացրեցին, որ ԱԺ-ում նրա ելույթից հետո հյուրանոցի տարածքում նրա հետ կապված որևէ միջադեպ չի եղել, ոչ մի բացասական վերաբերմունք։ Իսկ հյուրանոցի տարածքից նա դուրս չի եկել։