6 հուլիսի 2013 - 21:40 AMT
Բակո Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը ծանոթացել են Արցախի հարավային թևում իրականացվող ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում դիմավորել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են Արցախի հարավային թևում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Այնուհետև Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի և Հայաստանի շրջանների ու մարզերի միջև համագործակցության հարցերին: Նախագահ Սահակյանը նշել է, որ այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի ԼՂՀ հարավային թևը, որտեղ առկա է լուրջ ներուժ արդյունաբերության և գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար՝ հավելելով, որ համագործակցությունն այստեղ փոխշահավետ կլինի մեր հանրապետությունների համար: Այցելությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: