7 հուլիսի 2013 - 13:35 AMT
Հայաստանում այսօր Վարդավառ են նշում

Այսօր Հայաստանում նշում են Վարդավառը՝ Քրիստոսի Պայծառակերպությանը օրը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է։

Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները։

Հայ եկեղեցին այս օրը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

Բայց Վարդավառի պատմությունը դեռ հեթանոսական ժամանակներից է գալիս։ Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապում էին գեղեցկության ու սիրո աստվածուհի Աստղիկի ու Վահագնի միջև սիրո հետ։ Այս օրը սովորաբար բոլորը միմյանց ջրում են՝ առանց տարիքին, սեռին կամ սոցիալական դիրքին նայելու։