9 հուլիսի 2013 - 10:38 AMT
Կինոփորձագետները ծանոթացել են Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի նախագծերին

«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղական և միջազգային փորձագետներից բաղկացած հանձնախմբին ներկայացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստանի ազգային կինոկենտրոն և «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացված երկու տասնյակից ավելի կինոնախագծերը:

Դրանցից մի քանիսը ներկայցվել են սփյուռքահայ կինոգործիչների կողմից, իսկ մնացածները` տեղական պրոդյուսերներն ու ռեժիսորները: Հանձնախումբը մի քանի ժամ շարունակ լսել, քննարկել և որոշել է, որ դրանք վերջնական փուլի հասցնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ: Ուստի, որոշվել է հետագայում ևս կազմակերպել մեկ հանդիպում նման ձևաչափով:

Հանձնախմբում ընդգրկված են ռեժիսորներ Քշիշտոֆ Զանուսին և Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, Նիդեռլանդներից Գամիլա Իլստրան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և գրող Ռուբեն Հովսեփյանը: