9 հուլիսի 2013 - 12:26 AMT
Բաղդասարյան. Մարդու իրավունքների պաշտպանության որակի բարձրացման քաղաքական կամքը կա

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության որակի բարձրացման քաղաքական կամքը կա, և պետք են ինստիտուցիոնալ գործիքներ, որպեսզի այդ կամքը կյանքի կոչվի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Անդրադառնալով նորաստեղծ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին, նա նշեց, որ այդ հարցում հանձնաժողովի դերակատարությունը շատ մեծ է լինելու: «Շատ բարդ բնագավառ է, պետք է ջանքեր գործադրվեն, մարդու իրավունքների ոլորտում խախտումները շատ են, և մեծ ծավալի աշխատանք է սպասվում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը հայտնեց, որ ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն, առաջիկայում կստեղծվի նաև գործողությունների ծրագիր, որը կիրականացվի բոլոր ոլորտներում: «Կա մարդու իրավունքների պաշտպան, որի զեկույցները հնչում են իբրև ձայն բարբառո հանապատի: Մենք ուշադիր ուսումնասիրելու ենք դրանք, հանձնաժողովի նպատակն է լինելու նաև պետական մարմիններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների ուսումնասիրությունը»,- ասաց նա և նշեց, որ իրենք զբաղվելու են մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի բարելավմամբ, դիտարկումներ են կատարելու:

Նա նկատեց, որ հանձնաժողովը երեք թևից է բաղկացած` Հայաստանի Հանրապետություն, հասարակական սեկտոր և միջազգային կառույցներ: «Սա մի յուրօրինակ դաշինք է: Աշխատելու են միջազգային փորձագետներ: Այս ոլորտում խնդիրները բազմաթիվ են»,- ասաց ԱԱԽ քարտուղարը և ընգծեց, որ հնարավորինս շատ հասարակական կազմակերպություններ են ներգրավվելու:

Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ նախագահի 2013թ-ի փետրվարի հրամանագրով` Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համաձայն՝ գործողությունների ծրագրի իրականացումը վերահսկելու նպատակով կազմված հանձնաժողովը պետք է կանոնավոր կերպով անցկացնի գործողությունների մոնիթորինգ և դրա արդյունքները համեմատի ՄԻՊ գրասենյակի անցկացրած մոնիթորինգի հետ: Դրա հիման վրա կներկայացվեն առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն Գործողությունների ծրագրի վերանայման ժամանակ: