9 հուլիսի 2013 - 20:10 AMT
Ստամբուլում կայացել է ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը

Այսօր Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը:

ՀՀ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետ Էդուարդ Փանոյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀ արդյունավետության, ինչպես նաև միջազգային ասպարեզներում կազմակերպության դերի և հեղինակության բարձրացումը:

Էդուարդ Փանոյանն ավելացրել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաև կազմակերպության հարակից մարմինների, դիտորդների, բնագավառային երկխոսության գործընկերների և գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը:

Նիստի արդյունքում հաստատվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող 60-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: