10 հուլիսի 2013 - 12:49 AMT
Գյուղացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը. Թոշակների բաժանման նոր կարգից են բողոքում

Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ Արայի, Ծաղկաշեն, Քուչակ ,Շենավան, Հարթավան և մի քանի այլ գյուղերի բնակիչները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը: Բնակիչները դժգոհում են թոշակի բաժանման կարգից: Ափնա գյուղի գյուղապետ Ռոբերտ Կարապետյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նոր կարգով թոշակները բաժանվում են շրջիկ մեքենաներով և «Հայփոստ»-ի աշխատակիցները ամեն գյուղում մոտ մեկ ժամ են մնում, իսկ գյուղացիները չեն հասցնում ստանալ իրենց թոշակը: «Գոնե մարդկանց հետ նախապես խորհրդակցեին, արդյո՞ք, դա նրանց հարմար է, թե` ոչ: Հիմա հարևան գյուղերի բնակիչները միմյանց հետ քննարկել են և որոշել, որ նման բողոքի ակցիա անեն»,- ասաց գյուղապետը:

Ռոբերտ Կարապետյանը նշեց, որ այդ շրջիկ մեքենայի աշխատակիցների հետ էլ է ընդհարում եղել, բնակիչներն ասել են, որ այդ ձևը իրենց ձեռնտու չէ: Արայի գյուղապետ Էդիկ Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հատնեց, որ իրենց գյուղում բնակիչները ևս շրջիկ մեքենայի աշխատակիցներին հայտնել են դժգոհությունը և պահանջել են, որ թոշակը բաժանեն հին կարգով: