23 փետրվարի 2006 - 13:18 AMT
Վ.Ժիրինովսկի. Կոսովոյի հնարավոր անկախությունը կարող է նախադեպ հանդիսանալ Ղարաբաղի համար
Երեքշաբթի օրը Վիեննայում ավարտվել են առաջին ուղղակի բանակցությունները Սերբիայի եւ Կոսովոյի ալբանցիների պատվիրակությունների միջեւ: Բանակցությունների հիմնական թեման Կոսովոյի ապագա կարգավիճակն էր: Հանդիպումը չի մերձեցրել կողմերի դիրքորոշումներն այդ հարցի վերաբերյալ: Ինչպես ակնկալվում է, բանակցությունները կտեւեն առնվազն մինչեւ դեկտեմբեր: Առաջին փուլում քննարկվում էին իրավակարգի պահպանման համակարգերի գործունեության ապահովման, կրթության, առողջապահության եւ այդ ոլորտներում ալբանցի մեծամասնության եւ սերբ փոքրամասնության մասնակցության ապահովման հետ կապված հարցեր: Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մարտի 17-ին: Մեկնաբանելով Կոսովոյի կարգավիճակի շուրջ Բելգրադի եւ Պրիշտինայի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների առաջին փուլի
արդյունքները` Ռուսաստանի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրություն արեց, որ «շուտով կարող է հաստատվել այդ նոր պետության անկախությունը»: Նրա խոսքերով, «եթե Կոսովոն անկախանա, ապա միջազգային նախադեպ կլինի, եւ մնացած բոլոր չճանաչված տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը, կարող են ստանալ նույնպիսի միջազգային ճանաչում»:

Հայտնի գերմանացի քաղաքագետ, Գերմանական գործընկերության եւ քաղաքականության խորհրդի (ԳԳՔԽ) փորձագետ Ալեքսանդր Ռարը համարում է, որ «Կոսովոյի խնդրի լուծումը նախադեպ է ստեղծում այլ հակամարտությունների կարգավորման համար, այդ թվում հետխորհրդային տարածքում»: «Սառեցված հակամարտությունները առկա են արդեն շուրջ 20 տարի: Այդ իրավիճակը չի կարող շարունակվել եւս 15 տարի: Հարկավոր է գտնել այնպիսի տարբերակներ, որ այդ «սեւ անցքերը անհայտանան»,-ասել է փորձագետը, վճռորոշ դերը այդ գործում տալով ԵԱՀԿ-ին: Իսկ Ռարը նշել է, որ «Կոսովոն նախադեպ է ստեղծում, սակայն յուրաքանչյուր դեպքում պետք է լինեն յուրովի մոտեցումներ»: Ըստ նրա, Կոսովոն կձգտի միանալ Ալբանիային, սակայն Արեւմուտքը դա թույլ չի տա: Աբխազիան, Մերձդնեստրը, հակառայը, կձգտեն անկախության: «Այդ դեպքում հնարավոր է կվազիինքնիշխան պետությունների առաջացում, որոնց կարգավիճակը կսահմանի ԵԱՀԿ-ն միջազգային հանրության համաձայնությամբ, որն ընդունում է անկախության որոշակի մակարդակ»,-հայտարարել է գերմանացի քաղաքագետը, հաղորդում է «Ինֆոտագ» գործակալությունը: