10 հուլիսի 2013 - 15:47 AMT
Ավագ Հարությունյան. 2013 թվականին ակնկալվում է խաղողի աննախադեպ բերք

2013 թ. ակնկալվում է խաղողի աննախադեպ բերք, հուլիսի 10-ին հայտնել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Չնայած Արմավիրի մարզում կարկուտի պատճառով բերքի նվազմանը, հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ խաղողի լավ բերքի շնորհիվ, բերքի ծավալը կաճի 15 տոկոսով»,-ասել է նա:

Ավագ Հարությունյանը պարզաբանել է, որ ակտիվությունը գիենգործության ու կոնյակագործության ոլորտում նկատվում է նոյեմբեր-դեկտեմբերին, ուստի պաշտոնական վիճակագրությունը լիովին չի արտացոլում այսօրվա վիճակը:

Ըստ նրա, գինու արտադրությունը Հայաստանում 2013թ. հունվար-մայիսին ավելացել է 2012թ. նույն շրջանի համեմատ 24 տոկոսով՝ կազմելով 1982 հազար լիտր: Ինչ վերաբերում է կոնյակի արտադրությանը, ապա 2013թ. հունվար-մայիսին ցուցանիշը նվազել է 7 տոկոսով՝ 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 6235,9 հազար լիտր: