11 հուլիսի 2013 - 17:58 AMT
Արցախի «Մռակած» երգչախումբը Վիլնյուսի փառատոնում պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը

2013թ. հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է Gratulationes ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին:

Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից (3), Ռուսաստանից (3), Լեհաստանից (3) և Արցախից (1): Մրցույթի շրջանակներում երգչախմբերը համերգներով հանդես են եկել Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում:

Մրցութային ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարեց 3 հոգևոր երգ և հանդես եկավ պարտադիր ծրագրում` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն, երգերը կատարվել են առանց նվագակցության (ա կապելլա):

Մրցույթ-փառատոնի արդյունքներով «Մռակած» պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը` կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի «Tristis est anima mea» երգը: