11 հուլիսի 2013 - 19:14 AMT
Ունիվերսիադա. Ծանրորդ Աղասի Աղասյանը գրավեց 6-րդ տեղը

Ամառային Ունիվերսիադայում այսօր ելույթ ունեցան նաև մինչև 85 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր 2011 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս մինչև 77 կգ քաշային կարգում:

Պոկում վարժությունում Աղասյանն օգտագործեց իր առաջին մոտեցումը և բարձրացրեց 150 կգ: Հրումում ևս ծանրորդն օգտագործեց մեկ մոտեցում և գլխավերևում պահեց 190 կգ: Երկարամրտի արդյունքում Աղասյանը 340 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Ունիվերսիադայի չեմպիոն դարձավ Ապտի Աուխադովը (Ռուսաստան), որը ցույց տվեց 372 կգ արդյունք:

Ավելի վաղ հայ ծանրորդներից Սմբատ Մարգարյանը (56 կգ) զբաղեցրել էր 8-րդ տեղը: Վաղը ելույթ կունենա Հայաստանի վերջին ներկայացուցիչը` Վարդան Դավթյանը (94 կգ):