12 հուլիսի 2013 - 17:47 AMT
Հենրիխ Մխիթարյան. Ես կօգնեմ «Բորուսիային» նոր նվաճումների հասնել

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո առաջին անգամ շփվել է մամուլի ներկայացուցիչների հետ: «Թիմի անդամներն ինձ շատ լավ ընդունեցին: Դա ինձ շատ օգնեց: Իմ թիմակից Քեվին Գրոսկրոյցն արդեն ինձ օգնում է գերմաներեն սովորել»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում reviersport.de-ն:

Երբ լրագրողները փորձել են համեմատել նրան Մարիո Գյոտցեի հետ, որը «Բորուսիայից» տեղափոխվել է «Բավարիա», հայ ֆուտբոլիստը նշել է, որ իրենք տարբեր խաղացողներ են: «Պետք չէ մեզ համեմատել: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Բորուսիային» նոր նվաճումների հասնել»,-ասել է նա:

Մխիթարյանը նաև նշել է, որ սրտի թելադրանքով է ընտրել «Բորուսիան»: