13 հուլիսի 2013 - 14:18 AMT
Արաբական Noursat հեռուստաալիքը հրապարակել է իսլամիստների կողմից գլխատված քահանայի նամակները

Արաբական կաթոլիկ Noursat (Tele Lumiere) հեռուստաալիքը հրապարակել է իսլամիստների կողմից գլխատված Մար Սամաան Ամ Ամուդի վանքի վանահայր Ֆրանսուա Մուրադի նամակները: Ֆրանսուա Մուրադին երկու այլ քրիստոնյա քահանաների հետ իսլամիստ ծայրահեղականները գլխատել են 2013թ. հունիսի 23-ին: Նամակները հասցեագրված եմ Հասակա գավառի Նսեյբին քաղաքի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Բահնան Հինդուին:

18.12.2012թ. գրված նամակում ասվում է. «Տեր Աստված, մենք վտանգի մեջ ենք: Ինչ էլ անեն, նրանք չեն կարող ոչնչացնել մեր Հավատը: Իմացեք, որ ես հեշտությամբ իմ կյանքը կզոհեմ հանուն Հավատի ու Խաղաղության, ինչպես նաև հանուն մեր հայրենիքի՝ Սիրիայի: Հնարավոր չէ դուրս գալ գյուղից, ոչ ոք չի կարող այստեղ մտնել: Նրանք հարձակվել են մեր եկեղեցու ու սրբությունների վրա: Ամեն օր մարդիկ են անհետանում, գիտեմ իմ հերթն էլ կգա: Բայց ես պատրաստ եմ մահվան: Աղոթեք մեզ համար»:

Երկրորդ նամակը գրված է 2013թ. փետրվարի 25-ին. «Իրադարձությունները ծավալվում են շատ արագ: Կարծում եմ, մենք վճռական փուլ ենք մտել, հատկապես այն բանից հետո, երբ նրանք հրկիզեցին կաթոլիկ եկեղեցին և քանդեցին Սուրբ Մարիամին նվիրված սրբավայրը, թալանեցին մեր վանքն ու բողոքականների վանքերը: Կոտրեցին և այրեցին մեր հավատի բոլոր խորհրդանիշները: Հիմա փորձում են հալածել մեզ, բայց ինչ էլ անեն, չեն կարղ խարխլել մեր հավատն առ Աստված»:

17.03. 2013թ. գրված երրորդ նամակում ասվում է. «Օրերը դանդաղ են անցնում: Յուրաքանչյուր նոր օր նախորդից սև է: Ամեն նոր լուսաբացի հետ մենք նոր վայր ենք որոնում, փրկվելու համար գնդակոծություններից: Գիշերը փորձում ենք չքնել, որպեսզի հասցնենք թաքնվել նրանցից, ով իրեն թույլ է տվել կողոպտել ու սպանել քրիստոնյաներին: Սակայն, անկախ մեր բոլոր տառապանքներից, հավատում եմ Փրկչին և Լույսի հաղթանակին խավարի հանդեպ: Աղոթեք մեզ համար»:

Հունիսի 23-ին Ֆրանսուա Մուրադին մահապատժի ենթարկեցին՝ միջնադարին հատուկ գլխատման տեսանյութը տեղադրելով համացանցում: Կաթոլիկ և ևս երկու քրիստոնյա քահանաներին գլխատեցին դանակով՝ բղավելով «Ալլահ աքբար»: