27 փետրվարի 2006 - 14:01 AMT
Լեհաստանի հայերը մեծ հույսեր են կապում Լեհաստանում ՀՀ ներկայիս դեսպանի հետ
Լեհաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Աշոտ Գալոյանից հայերը առավել մեծ աջակցություն են ակնկալում, քան նախորդ դեսպան Աշոտ Հովակիմյանից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լեհաստանի «Մուսա լեռ» գործիքային համույթի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը: Նրա խոսքերով, մինչ այժմ, «Մուսա լեռը», որը ներկայացրել է Հայաստանը Լեհաստանի գրեթե բոլոր փառատոներում եւ համերգների ժամանակ, ստիպված էր ինքն իրեն ֆինանսավորել, ինչը թույլ չէր տալիս նրանց հեռանկարային ծրագրեր մշակել: «Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Աշոտ Հովակիմյանից մենք ոչ մի աջակցություն չստացանք, եւ ստանալու հույս էլ չունեինք»,-նշել է նա, եւ շարունակել, որ «ինչ վերաբերում է ներկայիս դեսպանին, ապա տառացիորեն մոտ օրերս ես երկժամյա զրույց եմ ունեցել նրա հետ եւ նա արդեն հայտնել է մեղ հետ համագործակցելու եւ աջակցելու պատրաստակամությունը»: Անդրադառնալով հետագա ծրագրերին` Բաղդասարյանը նշել է, որ դեռեւս նախատեսվում են եւս 5 համերգներ Պոզնանում, Լյուբլինում, Վարշավայում եւ այլ քաղաքներում, որից հետո հնարավոր կլինի արծարծել խտասկավառակի ձայնագրման հարցը: Նշենք, որ «Մուսա լեռ» երաժշտական կոլեկտիվը ստեղծվել է 2003 թվականին եւ արդեն հասցրել է համերգային ծրագրերով լինել Լեհաստանի գրեթե բոլոր քաղաքներում: Միեւնույն ժամանակ կոլեկտիվն ունի իր սաներին, որոնց ուսուցանում են երգ եւ պար: