15 հուլիսի 2013 - 10:14 AMT
Արցախում պլանային համաբանակային հրամանատարական հավաք է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին և հանդես եկել ելույթով:

Իր խոսքում Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը բանակաշինության գործընթացը որակել է որպես պետության կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել հայոց անկախ պետականությունն ու նրա հուսալի ապագան:

Բակո Սահակյանը նշել է, որ հենց այս խորին գիտակցությամբ է արվում և այսուհետ էլ կարվի հնարավոր ամեն ինչ` զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, տեխնիկական հագեցվածության արդիականացման, բանակի ոգին անսասան պահելու, հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել զինված ուժերի բարձրագույն հրամկազմին՝ համաբանակային հավաքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: