15 հուլիսի 2013 - 13:24 AMT
Կոժարա. ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության շրջանում ներկայացված առաջնահերթություններին հայկական կողմն աջակցում է: Իսկ այդ առաջնահերթություններից մեկը, այսպես կոչված, սառեցված հակամարտութուններն են: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, նրա խոսքով, բավական ինտենսիվ է ընթանում, և Ուկրաինան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Բայց մենք կարծում ենք, որ խումբն ավելի ակտիվ պետք է աշխատի, որովհետև ոչ մի միջազգային հակամարտություն դեռ չի լուծվել կոնֆերանսներով ու նիստերով: Հստակ արդյունքներով աշխատանք է պետք», - ասաց Լեոնիդ Կոժարան:

Նա կարևորեց նաև այլ ձևաչափերի կիրառումը, մասնավորապես ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումների անհրաժեշտությունը: Իսկ Ուկրիանան, նրա խոսքով, պատրաստ է հարթակ տրամադրել այդ հանդիպումների համար:

Կոժարան նշեց, որ Ուկրաինան պատրաստ է հատկապես աջակցել հակամարտության հնարավոր հումանիտար աղետի հետևաննքերի վերացմանը: «Ցանկացած հակամարտություն նման աղետների պատճառ է դառնում, մենք դրա ակնատես ենք եղել, օրինակ, Մերձդնեստրում: Այդ պատճառով այն ամենը, ինչ ուղղված է խաղաղ բնակչության համար նման հետևանքների մեղմանը, անպայման պետք է ողջունվի բոլոր մակարդակներում»,- ասաց նա:

ԵԱՀԿ գործող նախագահի նկատեց նաև, որ կազմակերպությունը վերջին տարիներին հաջողություններ ունի որպես անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ բանակցությունների հարթակ: «Մեր նախագահության շրջանում առաջնահերթություններից է նաև ԵԱՀԿ դերի հենց այս ընկալման ուղղությամբ աշխատելը», - ասաց Կոժարան: Նա համոզված է, որ ձեռքբերումները կշարունակվեն, որովհետև Ուկրաինան ԵԱՀԿ «100 տոկոսանոց» անդամ է` ոչ մի այլ ռազմաքաղաքական կազմակերպության չի անդամակցում: