16 հուլիսի 2013 - 16:15 AMT
Արցախում ճամբար է կազմակերպվել երիտասարդ առաջնորդների համար

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ երեկ մեկնարկել և մինչև հուլիսի 21-ը կընթանա երիտասարդական ճամբար` «Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց» խորագրով:

Ծրագրի նպատակն է զարգացնել Արցախի երիտասարդների առաջնորդական և կառավարչական հմտությունները, նրանց քաջալերել և առավել ակտիվ և արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում, զարգացնել գործուն ղեկավար ու կառավարիչ լինելու կարողությունը, ինչպես նաև անգլերեն լեզվի իմացությունը:

Այն կոչված է ստեղծելու փոխադարձ ճանաչողական դաշտ` երիտասարդությանը երկրի հասարակական-քաղաքական դաշտում ներգրավման և ներհանրապետական նշանակության խնդիրներում ակտիվ մասնակցության ապահովման նպատակով:

Ճամբարին մասնակցում են 16-22 տարեկան ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ, հանրօգուտ աշխատանքներ կատարելու պատրաստակամ երիտասարդներ: Ծրագիրն իրականացվում է ճամբարի ձևաչափով Մեծ Թաղեր գյուղի Ա. Խանփերյանցի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն անցնելու ուսուցողական դասընթաց, զարգացնելու անգլերեն լեզվի իմացությունը, այլև անցկացնելու հետաքրքիր ժամանցային միջոցառումներով հագեցած օրեր:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հետ համագործակցությամբ, հայտնում են ԼՂՀ մշակույթի նախարարությունից: