16 հուլիսի 2013 - 17:23 AMT
Նոր՝ 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը կձգվի Սալոնիկից մինչև Մեղրի

Այսօր Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի, հույն և թուրք գործընկերները ազդարարեցին անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ: BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի:

Ծրագիրն, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածների մշակում iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների և պլանշետների համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից:

Ծրագրի հունաստանյան գործընկեր Պիրուս Մերկուրիսի խոսքով՝ բջջային հեռախոսների նոր տեխնոլոգիաները և հավելվածները զբոսաշրջիկներին հնարավորություն կտան տեղեկատվություն ստանալ այցելության համար հետաքրքիր վայրերի և զբոսաշրջային ծառայությունների մասին: Առցանց այս համակարգը կներկայացվի զբոսաշրջային գործակալություններին և զբոսաշրջության ոլորտի մասնագետներին, հատկապես՝ նրանց, ովքեր հետաքրքրվում են GPS համակարգի և բջջային հեռախոսների հավելվածների միջոցով պատմական և բնական զբոսավայրերն իրար կապելու խնդիրներով:

Նրանք կարող են այդ զբոսուղիներն օգտագործել զբոսաշրջային նոր փաթեթներ մշակելու և այդպիսով զբոսաշրջության տեղական գրավչությունները զբոսաշրջիկների համար առավել հասանելի դարձնելու համար: