16 հուլիսի 2013 - 21:42 AMT
Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են Մոսկվայի «Բուտիրկա» բանտ

Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանը տեղափոխվել է Մոսկվայի «Բուտիրկա» բանտ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի իրավապահներին: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա տեղափոխվել է քննչական մեկուսարանի հիվանդանոց:

Նշենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության` այսօր ՀՀ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ: ԱԳՆ հաղորդմամբ` հավաստիացումներ են ստացվել գործի օբյեկտիվ քննության, ինչպես նաև Հ.Հարությունյանի անվտանգության ապահովման և քննչական ու դատական գործընթացներին նրա պատշաճ մասնակցության ապահովման մասին:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: