17 հուլիսի 2013 - 14:15 AMT
Հրաչյա Հարությունյանի դուստր. Առաջնահերթն այն է, որ հայրս պատիժը կրի իր երկրում

Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի դստեր՝ Լիլիթ Հարությունյանի խոսքով իր հայրը 20 տարի բեռնատար է վարել ու ոչ մի անգամ որևէ պատահար տեղի չի ունեցել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ հայրը առաջին անգամ չէ, որ մեկնում է ՌԴ աշխատելու. «Նա Ռուսաստան է մեկնել նաև նախորդ տարի, այնտեղ աշխատել մի քանի ամիս ու տուն վերադարձել: Այս անգամ էլ գնացել էր երեք ամսով»:

Աղջիկն ասաց, որ փաստաբանի հետ այսօր կկապվեն և ինքը կարծում է, որ ամեն բան լավ կլինի:

«Իմ համար առաջնահերթն այն է, որ հայրս պատիժը կրի իր երկրում»,- ասաց Լ.Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն ու իր ընտանիքը ակնկալում են, որ իշխանություններն ու հասարակությունը կաջակցեն իրենց:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի համար մեղադրվում է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: