18 հուլիսի 2013 - 15:26 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ն կշարունակի աշխատել բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք մասնակցության ուղղությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ այսօր ԱԳՆ նիստերի դահլիճում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն՝ նախարար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների և արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության նախագահի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված խնդիրների լուծման ընթացքը: Նշվել է վերջերս ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում նկատվող դրական միտումների զարգացման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը: Նախարարությունը կշարունակի նաև աշխատանքն ուղղված բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ կարգավորման շուրջ կարծիքների փոխանակումից մինչև կոնկրետ քայլերի և պայմանավորվածությունների մշակումն ու իրագործումը, ԼՂՀ լիարժեք մասնակցության ապահովմանը:

Խորհրդակցության մասնակիցներն ընդգծել են տարբեր երկրների և հայկական սփյուռքի հետ երկկողմ համագործակցության զարգացման, ինչպես նաև Արցախի և ղարաբաղյան խնդրի մասին միջազգային հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու ուղղությամբ գործունեության ակտիվացման կարևորությունը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերին: