1 մարտի 2006 - 19:41 AMT
Բաքու. «Առանց Ադրբեջանի կառավարության համաձայնության Ղարաբաղ կատարած ցանակացած այցելություն անօրինական է»
«Յուրաքանչյուր պետություն եւ արտերկրի պատվիրակություն պետք է իմանա, որ Հայաստանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի ցանկացած այցելություն, առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության համարվում է անօրինական»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ Տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն, մեկնաբանելով Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ: Նրա խոսքերով, ըստ իր տեղեկությունների, պատվիրակության ղեկավար Ֆրանկ Էնգելն արդեն չի հանդիսանում Լյուքսեմբուրգի խորհրդարանի անդամ, այլ ներկայացնում է մասնավոր մի խումբ: «Սակայն դա արմատապես չի փոխում իրավիճակը: Այդ առիթով ադրբեջանական կողմը որոշակի քայլեր կձեռնարկի: Մենք կշարունակենք երկկողմ շփումները Լյուքսեմբուրգի հետ: Եթե հաստատվի, որ դա ոչ թե պաշտոնական պատվիրակություն է, այլ մասնավոր խումբ, ապա ես նոտա հղելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: