1 մարտի 2006 - 20:03 AMT
Եվրոպան չի կարող անտեսել ժողովրդավարական գործընթացները Հարավային Կովկասում
«Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործման հիմնական նպատակը ժողովրդավարական արժեքների զարգացումն է, ինչպես նաեւ եվրոպական շահերի պաշտպանությունը: Մենք չենք կարող անտեսել ժողովրդավարական գործընթացների զարգացումը Հարավային Կովկասում` Եվրոպայի այդ հեռավոր անկյունում»: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Եվրախորհրդարանի «Ազատականների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» ազատական խմբակցության պատգամավոր Իգնասի Գուադանսան (Իսպանիա): Նրա խոսքերով, Եվրոպան շահագրգռված է տեսնել Հարավային Կովկասը խաղաղ եւ կայուն: Հակառակ դեպքում, եթե այդ տարածաշրջանում զարգանան կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի փոխադրումը, սեքսուալ շահագործումը, ապա Հարավային Կովկասը կարող է դառնալ բազմաթիվ խնդիրների աղբյուր, որոնք հետագայում կհասնեն նաեւ Եվրոպա: Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի, ժողովրդավարության զարգացման ողջ ուղին պետք է ինքը երկիրն անցնի: «Ժողովրդավարությունը չպետք փուչ հասկացություն դառնա, այն պետք է լինի հանրության, ԶԼՄ-ների գործունեության, իրավապահ մարմինների աշխատանքի եւ ընտրությունների անցկացման բաղկացուցիչ մասը»:

Իր հերթին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը մատնանշեց, որ անհրաժեշտ է զարգացնել տարածաշրջանային կոոպերացիան Հարավային Կովկասում եւ հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն համագործակցության ոլորտներ, որոնք, ըստ նրա, տրանսպորտն ու էներգետիկան է: «21-րդ դարում կան բազմաթիվ գլոբալ խնդիրներ, որոնք չեն ճանաչում սահմանների առկայություն: Մենք հուսով ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջեւ արդյունավետ զարգացում կունենա»,-հայտարարել է Գերմանիայի դեսպանը: