1 մարտի 2006 - 20:27 AMT
Կանադայում սկսել է հրատարակվել «Ցեղասպանությունների ուսումնասիրումը եւ դրանց կանխարգելումը» հանդեսը
Ցեղասպանության հարցով զբաղվող Գիտնականների միջազգային ընկերակցությունը (ՑԳՄԸ) եւ Մարդու իրավունքների եւ ցեղասպանության հետազոտման միջազգային ինստիտուտը (ՄԻՑՀՄԻ) Տորոնտոյի համալսարանի հետ համատեղ հիմնել են միջազգային մակարդակի նոր ակադեմիական ամսագիր: Հանդեսը կկրի «Ցեղասպանությունների ուսումնասիրումը եւ դրանց կանխարգելումը» անվանումը, նշվում է «Զորյան» (Կանադա) ինստիտուտից ստացված հաղորդագրության մեջ: Հանդեսի առաքելությունն է հասկանալ ցեղասպանության բնույթը, արծարածել նրա գիտակցումը մարդկության կողմից եւ հորդորել բոլոր այն միջոցները, որոնք ուղղված են նրա կանխարգելմանը: Հանդեսում կհրապարակվի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության, Նամիբիայում, Կամբոջայում, Ռուսաստանում եւ այլուր կատարված ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը, որոնք XX դարի պատմության մեջ հայտնի են որպես «Ցեղասպանությունների դար»: Ըստ որոշ պատմաբանների, այդ ցեղասպանությունների զոհ է դարձել ընդհանուր առմամբ շուրջ 100 միլիոն մարդ: Հանդեսի խմբագրական կազմում են պրոֆեսորներ Հյուսիսային Արիզոնայից, Վիրջինիայից, Մինեսոտայից, Արկանզասից` քրեական իրավունքի, քաղաքագիտության, սոցիոլոգիայի մասնագետներ: ՑԳՄԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին մարդու իրավունքների խախտման եւ ցեղասպանությունների միջեւ առկա կապը առավել խորությամբ հետազոտելու համար: Ընկերակցությունը հավաքվում է 2 տարին մեկ անգամ: Անդամակցել կարող են բոլորը: ՄԻՑՀՄԻ-ն «Զորյան» ինստիտուտի մաս է կազմում, Տորոնտոյի համալսարանի հրատարակչությունը Կանադայի ամենամեծ եւ ամենահայտնի գիտական հրատարակչությունն է, որը հիմնադրվել է 1901 թ. եւ տարեկան հրատարակում է ակադեմիական մակարդակի 150 հետազոտություն եւ 35 պարբերական` քաղաքականության, տնտեսության, փիլիսոփայության, իրավագիտության, պատմագիտության եւ արվեստաբանության ոլորտներում: