ԵՄ Խորհրդում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը կարևորում է Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի քննարկումը այդ երկրների ԱԳ նախարարների հետ:
Քննարկումը տեղի կունենա ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակներում, որը երկուշաբթի կանցնի Բրյուսելում:
«Այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկելու առաջիկա գագաթաժողովի հարցերը, ինչը շատ կարևոր է, քանի որ նախկինում մենք դա քննարկել ենք մեր միջև: Մենք մտադիր ենք խրախուսել դրանք, որպեսզի մինչ գագաթաժողովը ավելի շատ արդյունքների հասնենք, որպեսզի այդ միջոցառումը հաջող լինի»,-ասել է Լինկյավիչյուսը երկուշաբթի Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից առաջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի ու Բելառուսի ԱԳ նախարարները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կմեկնի Բելգիա մասնակցելու համար ԵՄ երկրների և «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: