3 մարտի 2006 - 13:01 AMT
ԵՄ-ն կոչ է անում Երեւանին եւ Բաքվին նախապատրաստել իրենց ժողովրդներին Ղարաբաղի վերաբերյալ հավասարակշռված համաձայնության
Եվրամիությունը ափսոսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ռամբույեի հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «չկարողացան որոշումներ կայացնել, որոնք անհրաժեշտ էին Ղարաբաղի հարցում մեծ ճեղքման համար»,-ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթից հետո: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Միեւնույն ժամանակ մենք ողջունում ենք երկու երկրների նախագահների բանակցությունները շարունակելու մտադրությունը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին կրկնապատկել ջանքերը համաձայնության հասնելու համար, որը փոխզիջումներ է պահանջում երկու կողմերից: Մենք կրկին կոչ ենք անում երկու կողմերին նախապատրաստել իրենց ժողովրդներին Ղարաբաղի վերաբերյալ հավասարակշռված համաձայնության եւ խուսափել բոլոր հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիայի եւ ավելացնել անվստահությունը»: «Այդ կապակցությամբ ԵՄ-ն հիշեցնում է Լյուբլյանայում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին առաջարկվել էր բանակցություններից անցնել որոշումների կայացմանը: Մենք հաստատապես համողզված ենք, որ կողմերը չպետք է բաց թողնեն հնարավորությունների այս պատուհանը»,-ասվում է ԵՄ հայտարարության մեջ: