3 մարտի 2006 - 13:20 AMT
ՀՀ նախագահ. «Ղարաբաղյան գործընթացում այնուամենայնիվ հաջողվեց որոշ դրական ուղի անցնել»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հույսերը հիմնված էին այն բանի վրա, որ կար պայմանավորվածություն մի շարք հարցերի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Սակայն մեծ հույսեր, որ մենք կհաղթահարենք պատնեշը հենց այդ մեկ կետի հարցում, որի վերաբերյալ չհաջողվեց պայմանավորվել, մենք չունեինք: Օրինակ, ես նման ակնկալիքներ չունեի, եւ հենց այդ պատճառով Շվեդիայում ես հայտարարեցի, որ վերաբերվում եմ հանդիպմանը զգուշավոր լավատեսությամբ, ավելացնելով` չափազանց զգուշավոր լավատեսությամբ»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ «հանուն օբյեկտիվության, պետք է նշել, որ որոշ դրական ուղի այնուամենայնիվ մեզ հաջողվեց անցնել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը այնքան բարդ է, որ կարելի է օրինակ համաձայնվել 15 սկզբունքների շուրջ, բայց եթե բացակայի պայմանավորվածությունը գեթ մեկ կետի վերաբերյալ, կնշանակի, որ գործընթացը չի սկսվել: Եվ այդ դեպքում պետք է վերանայվի ողջ փաթեթը, կամ շարունակվի լուծումների որոնումը այդ մեկ կետի վերաբերյալ»,-ասել է Հայաստանի նախագահը: