23 հուլիսի 2013 - 18:32 AMT
Մեկնարկել են «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» վերապատրաստման դասընթացներ

«Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ: Արդյունքում` մարզերից ժամանած 55 խմբակավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ: Դասընթացները կանցկացնեն «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունները և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը:

Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու և ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագրի է ստորագրվել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ Ինթերնեշնլ ծրագրի, «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունների և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի միջև: Հուշագիրը բաց է նույն նպատակը հետապնդող և ծրագրին միանալ ցանկացող յուրաքանչյուր կազմակերպության համար:

Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013 թվականի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված և դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի կոմպլեկտներով:

Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ են գործում մայրաքաղաքի Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում: Խմբակներ կան նաև մարզերում: Մասնավորապես` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) և Արագածոտնում (Թալին):