3 մարտի 2006 - 19:10 AMT
Իլհամ Ալիեւը հասկանում է, որ հակամարտության ուժային լուծման հույսերն, անհեռանկար են
Նավթադոլարները, որոնց հետ այդքան մեծ հույսեր են կապում Ադրբեջանում, կուտակվում են Ալիեւի կլանի եւ էլի մի տասնյակ նավթաբարոնների գրպաններում: Ադրբեջանի քաղաքացիների սոցիալական դրության վրա այդ գումարները փաստորեն ոչ մի ազդեցություն չեն ունենում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի որոշ շրջաններ մինչ օրս չունեն կանոնավոր էլեկտրամատակարարում: «Պատճառն անհեթեթ է` չի բավարարում վառելամազութը..»,-նշել է նա: Լ.Մելիք-Շահնազարյանը հիշեցրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. «Նավթ ունենալ դեռեւս չի նշանակում ունենալ արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ: Անարդյունավետ է անմիջական կապ տեսնել այդ երկու հարցերի միջեւ: Եվ, հակառակը, կարելի է ասել, որ նավթի գործոնը, հաճախ բարոյալքում է տնտեսությունը եւ կաշառակերության, եւ կլանային համակարգի ձեւավորման տեսակետից»:
Մյուս կողմից, համոզված է հայ քաղաքագետը, կրթության որակը եւ մտավոր զարգացումն Ադրբեջանում այնքան ցածր մակարդակի վրա են, որ գնվող ռազմական տեխնիկան եւ կապի միջոցներն այնտեղ ուղղակի մետաղի ջարդոնի են վերածվում: «Մենք դա կարող էինք տեսնել 1992-94 թթ., նույնը տեսնում ենք այժմ: Պատահական չէ, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում մտավորապես ոչ լիարժեք ճանաչվեց: Իսկ դա նրանց բանակի վերնախավն է: Որքան հիշում եմ երկրորդ ադրբեջանցի-կուրսանտը տառապում է ամնեզիայով: Ինքը Իլհամ Ալիեւն էլ է հասկանում, որ ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումների հույսերն, անհեռանկար են: Տնտեսությունն այստեղ կապ չունի»,-ընդգծել է նա: