24 հուլիսի 2013 - 16:43 AMT
Վարչապետը և «Լույս»-ի ուսանողները քննարկել են Հայաստանի զարգացման տեսլականը և մարտահրավերները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներին և շրջանավարտներին:

«Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը և գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը», - ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին ու հեռանկարներին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում կարևորագույն ռեսուրսը գիտելիքն է, ինչը հնարավորություն է տալիս արագ փոփոխվող և փոքրացող աշխարհում ձեռք բերել մրցակցային առավելություններ և զարգանալ:

Հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հարցուպատասխանի միջոցով վարչապետը և «Լույս»-ի ուսանողները քննարկել են Հայաստանի զարգացման տեսլականը և մարտահրավերները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսության զարգացմանը, կրթության և գիտության ոլորտի բարեփոխմանը, տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, մտածելակերպի փոփոխությանը, ինչպես նաև ուսանողներին հուզող մի շարք այլ հարցեր:

Տիգրան Սարգսյանը նաև ողջունել է «Լույս»-ի ուսանողների կողմից «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում մեր երկրի տարբեր համայնքներում հաջողված նախաձեռնությունների իրականացումը և հորդորել շարունակել այդ աշխատանքը: