24 հուլիսի 2013 - 23:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ակտիվիստներն առաջարկեցին 50 դրամանոցներով ձևավորված տորթ ուղարկել քաղաքապետին

Երեկոյան «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները Փոքր կենտրոնով երթ անցկացրին, որը մեկնարկեց Մաշտոցի պուրակից ու ավարտվեց նույն վայրում։ Երթի մասնակիցները շարունակ կոչ էին անում ուղևորներին վճարել 100 դրամ և ոչ մի դրամ ավել։ Նրանց պարբերաբար տարբեր խմբեր էին միանում, ովքեր երթի ընթացքում վանկարկում էին «հարյուր դրամ, մի-ա-ցեք», «գծի տերեր հեռացեք, վարորդներին մի ճնշեք»։

Մաշտոցի պուրակում ավարտված երթի մասնակիցները ամփոփեցին հերթական օրն ու հաջորդ օրը կազմակերպելու նոր առաջարկներ արեցին: Ըստ ակտիվիստների, անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել քաղաքի ծայրամասերում։ Որոշ մասնակիցներից առաջարկեցին ընդմիջմանը 50 դրամանոցներով ձևավորված տորթ ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն հատկացված 1 րոպեի ընթացքում կոչ արեց հետևել Սահմանադրությանն ու օրենքին։ Փոխոստիկանապետի կոչերին ներկաները միայն սուլեցին:

ՖՈՏՈՇԱՐՔ