26 հուլիսի 2013 - 14:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ակտիվիստներն իրենց պահանջները փոխանցեցին քաղաքապետարան, այնուհետև նստացույց սկսեցին

Ուղեվարձի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաների ալիքը շարունակվեց այսօր՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի, որտեղ մեկնարկած բողոքի ակցիան վերածվեց նստացույցի:Երեկոյան «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկարցրել էր, որ այսօր քաղաքապետարան է ներկայացնելու է մի քանի կետից բաղկացած իր պահանջները:

Ակտիվիստները պահանջում են պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետին «տրանսպորտի սակագինն անօրինական բարձրացնելու» որոշման ընդունման ու հետագայում այն կասեցնելու համար, ինչպես նաև պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու «ԵրևանՏրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին։

Ինչպես ասացին ակտիվիստները, ուղեվարձի համար 150 դրամ վճարելու որոշումը կասեցնելն իրենք հաղթանակ չեն համարում, քանի որ այն ժամանակավոր բնույթ է կրում:

Քաղաքապետարանի դիմաց շարված ոստիկանները թույլ չէին տալիս ակտիվիստներին մոտենալ գլխավոր մուտքին, երբ վերջիններս ուզում էին պահանջներով թուղթը հանձնել քաղաքապետարան: Բանակցություններից հետո ցուցարարներին այնուամենայնիվ հաջողվեց փոխանցել նամակը: Այնուհետև երիտասարդները հայտարարեցին անժամկետ նստացույցի մեկնարկի մասին, որը կտևի այնքան, մինչև Նավասարդյանին ու Համբարձումյանին պաշտոնանկ չանեն։

Հուլիսի 20-ից Երևանում ուղեվարձը 50 դրամով թանկացել էր, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երիտասարդության շրջանում: 6 օր շարունակ նրանք տարատեսակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, որոնց հետագայում միացան նաև հայտնի անձինք: Երեկոյան քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմել էր երևանցիներին, որտեղ նշում էր, որ կասեցնում է ուղեվարձի թանկացման մասին իր որոշումը:

ՖՈՏՈՇԱՐՔ