26 հուլիսի 2013 - 20:24 AMT
Շավարշ Քոչարյան. Գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում

Թուրքիան հետևողական չէ իր արտաքին քաղաքականության դրսևորումներում, հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` դիտարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը:

«Անկարան, հակառակ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տառին և ոգուն սատարելով Ադրբեջանի անիրատեսական նկրտումներին և նպաստելով Բաքվի դիրքորոշման կարծրացմանը, խոչընդոտում է և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի առաջընթացին, և՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, հետևողական է իր արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում: Մենք եղել և մնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման կողմնակից: Այնպես որ գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում», - ասել է փոխնախարարը, փոխանցում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: