26 հուլիսի 2013 - 20:12 AMT
ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ԼՂՀ կառավարության ղեկավարի համար անակնկալ չէր

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի համար անակնկալ չէր: Այս մասին այսօր BarCamp Արցախ 2013-ի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետը: Նրա խոսքով`սա տնտեսական գործարք է.

«Ռուսաստանը զենք է արտադրում, որ վաճառի այն, իսկ Ադրբեջանը գումար է տրամադրում զենք գնելու համար: Եթե Ադրբեջանը զենք չգներ Ռուսաստանից, կգներ մեկ այլ երկրից: Տվյալ դեպքում մենք գոնե գիտենք` ինչ զենք է դա ու ինչով կարող ենք դիմակայել դրան»,-ասաց Արա Հարությունյանը:

Խոսելով Արցախի բնակչության արձագանքի մասին, վարչապետն ասաց, որ միշտ խոսում է մարդկանց հետ և տեղյակ է նրանց դիրքորոշմանը, տվյալ դեպքում որևէ լուրջ վրդովմունք չի եղել. մարդիկ հասկանում են, որ դա գործարք է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: «Ведомости» թերթը, հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին, գրել էր, որ տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Թերթի տեղեկությունների համաձայն` պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշել էր, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ: