26 հուլիսի 2013 - 20:50 AMT
Սևակ Բալըքչըին սպանած թուրք ծառայակիցը դատի է տվել Թուրքիայում գործող լրատվական կայքի հայ լրագրողին

2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի զինված ուժերի հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըին սպանած թուրք ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դատի է տվել Թուրքիայում գործող «Այքըրըդողրուլար» լրատվական կայքի հայ լրագրող Ջևաթ Սինեթին։

Սինեթի դեմ դատական հայցի պատճառ է հանդիսացել նրա հոդվածը, որում նա ներկայացրել է սպանության վերաբերյալ որոշ մանրամասներ: Մարդասպանը հոդվածում տեղ գտած արտահայտություններն ու մտքերը համարել է «վիրավորական» և դիմել իրավապահներին։

Մեղադրող կողմը դատարանից պահանջում է Սինեթին արգելել լրագրությամբ զբաղվել 5 տարի ժամկետով, ինչպես նաև պահանջում է դրամական փոխհատուցում և ազատազրկում։

«Թուրքագիտական պորտալի» հետ զրույցում Սինեթը նշել է, որ իր դեմ դատական գործ են բացել նրա համար, որ նա մարդասպանին մարդասպան է կոչել: Հայ լրագրողին աջակցելու համար ստորագրահավաքներ են սկսվել, որոնք մասնակցում են նաև Թուրքիայի առավել առաջադեմ հատվածները։

Սևակը սպանվել էր 2011 թվականի ապրիլի 24-ին, երբ պարտադիր զինծառայություն էր անցնում Սասունի զորամասերից մեկում: Նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր:

Փաստերը ցույց են տալիս, որ հայազգի զինծառայողը սպանվել է էթնիկ հողի վրա, այն էլ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Վկաներից մեկի ցուցմունքից հայտնի էր դառնում, որ Աղաօղլուն սպառնացել էր Սևակին` ասելով. «Թմբլիկ, ես քեզ սպանելու եմ»: Այնուամենայնիվ, Դիարբերքիրի ռազմական դատարանը 2013 թվականի մարտ ամսին հրապարակել էր դատավճիռը` Սևակի սպանությունը համարելով «ոչ կանխամտածված:

Մարդասպանը` Քըվանչ Աղաօղլուն դատարապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման, որից հանվել էր մինչ վճիռը նրան կալանքի տակ պահելու ժամկետը (մոտ 1,5 տարի): Այսպիսով, մարդասպանը ճաղերի հետևում է անցկացնելու ընդամենը 3 տարի:

Սևակի սպանության գործով կողմնակալ և ոչ արդար դատավարությունը քննադատության է արժանացել ոչ միայն Սևակի ծնողների, այլ նաև թուրք իրավապաշտպանների և առաջադեմ գործիչների կողմից: Իսկ Աղաօղլուի 4,5 տարվա (փաստացի 3) պատժաժամկետը հստակ ցույց է տալիս, որ մերօրյա Թուրքիայում հայի սպանությունը մեծ հաշվով անպատիժ է մնում