29 հուլիսի 2013 - 19:03 AMT
«Արարատ» սննդի կոմբինատի ղեկավարությունը նախատեսել է այս տարի մթերել շուրջ 500 տոննա դեղձ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Երևանի «Արարատ» սննդի կոմբինատ` նոր հոսքագծի կառուցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով :

Նախարարը «Արարատ» սննդի կոմբինատի սեփականատեր Սարգիս Թարվերդյանի ուղեկցությամբ շրջել է նորակառույց վերամշակման արտադրամասում և հույս է հայտնել, որ մինչև դեղձի մթերման աշխատանքների մեկնարկը նոր հոսքագիծը կշահագործվի:

«Արարատ» սննդի կոմբինատի տնօրեն Երվանդ Թարվերդյանը նշել է, որ նոր հոսքագծի շնորհիվ տեղում կիրականացվի մրգի, բանջարեղենի և հատապտուղների վերամշակում:Նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության տնօրինությանը ծիրանի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար և հույս է հայտնել, որ դեղձի մթերման դեպքում ևս խոչընդոտներ չեն լինի:

Կոմբինատի տնօրենը նախարարին հավաստիացրել է, որ նախատեսել են այս տարի մթերել շուրջ 500 տոննա դեղձ, սակայն չի բացառվում, որ կավելացնեն մթերման ծավալները: Ինչպես ծիրանի, այնպես էլ դեղձի պարագայում, գործարանը մթերվող բերքի դիմաց վճարումը կատարելու է տեղում:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը հաջողություն է մաղթել և նշել է, որ մթերվող բերքի պարագայում պետք էլինի խելամիտ գին, որը կբխի թե' գյուղմթերք արտադրողի, թե' վերամշակողի շահերից, հայտնում են գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: