7 մարտի 2006 - 17:06 AMT
Հովհաննես Իգիթյան. Լեռնային Ղարաբաղի նոր հանրաքվեն ծուղակ է
Նոր հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում, որ առաջարկվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբուեի հանդիպման ժամանակ, ծուղակ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերով հանձնաժողովի 1995-1999թթ. նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքերով, այդպիսով, փաստորեն, զրոյին է հավասարեցվում 1991թվականի ԼՂՀ անկախության վերաբերյալ հանրաքվեն: «Այդ քայլը կարելի է դիտարկել որպես զիջում Ադրբեջանի կողմից, սակայն դա այդպես չէ: Այդ դեպքում հանրաքվեի անցկացման (կամ չանցկացման) պայմանները պետք է ներկայցնի ԼՂՀ-ը: Պետք է իրավաբանական բանաձեւ մտածել տեղափոխված անձանց եւ գաղթականների համար. դրանով կարող է զբաղվել միայն ԼՂՀ ԱԳՆ-ը»,- նշել է Իգիթյանը: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ նոր հանրաքվեի դեպքում կթուլանա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման իրավական հիմքը: