31 հուլիսի 2013 - 13:47 AMT
Դավթաշենում բնակիչները պայքարում են բակում կառուցվող հերթական շինության դեմ

Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 բազմաբնակարան շենքի բնակիչները շարունակում են պայքարել իրենց բակում կառուցվող հերթական շինության դեմ: Նրանք այսօր էլ հաղորդագրություն են տարածել.«Մենք` Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 բազմաբնակարան շենքի բնակիչներս պայքարում ենք պաշտոնատար անձանց կայացրած հերթական անօրինական որոշման դեմ:

Քաղաքապետարանը տվել է շինարարության թույլտվություն մեր շենքի հետնամասում 10 մետր հեռավորության վրա կառուցելու հերթական ավտոսպասարկման կամ ավտոլվացման կետ՝ առանց հանրային քննարկման, առանց բնակիչներիս կարծիքը հաշվի առնելու: Կառուցվելիք շինությունը ամբողջությամբ կխախտի անվտանգության նորմերը, քանի որ միակ փոքր հողահատվածն է մնացել, որով արտակարգ իրավիճակների (Աստված մի արասցե հրդեհ, երկրաշարժ և այլն) ժամանակ հնարավոր է մոտոնալ շենքին հետնամասից, հակառակ դեպքում՝ նման իրավիճակներում մարդկանց փրկելու և տեղափոխման աշխատանքները շատ կդժվարանան ու կարժենան մեր կամ մեր հարազատների կյանքերը:

Մենք (շուրջ 30 բնակիչ) արդեն բողոք դիմում ենք ներկայացրել գրթե հնարավոր բոլոր գերատեսչություններին, քաղքական և հասարակական կազմակերպություններին: Սակայն, անկախ պատասխաներից դեռևս պայքարը շարունակվելու է մինչև հաղթանակ:

Գրեթե մեկ ամիս առաջ, մեր թաղապետարանի անտրամաբանական մոտեցմամբ, արմատախիլ արվեցին ևս 6 պտղատու ծառեր (արդեն պտուղներով)՝ մեկ այլ «ապահով» տեղ տեղափոխելու նպատակով: Հետագա ծառահատումները կանխվեցին ուղղակի էքսկավատորների դեմ նետվելու և տարբեր ատյաներ դիմում- բողոքներ գրելու պատճառով: Սակայն խնդիրը դեռևս արմատապես լուծված չէ և կարիք կա նախապատրաստվելու, պաշտպանվելու և պայքարելու:

Խնդրում ենք Ձեր աջակցությունն ու մասնակցությունը՝ մեր ձայնն ավելի լսելի դարձնելու՝ դադարեցնելու համար վերոնշյալ շենքի դիմաց, Դավիթաշեն 46/3 հասցեում Արթուր Մարտիրոսյանի կողմից իրականացվող նոր շինարարության թույլտվությունը և վերանայել քաղաքապետի հողհատկացման որոշումը, քանի որ մի փոքրիկ կանաչ, պտղատու ծառերով հողակտոր է միայն մնացել: Կատարված հողահատկացումնեը անօրինական են, քանի որ կատարվել են առանց հանրային քննարկումների և բնակիչներիս հետ համաձայնեցման, բացի այդ արդեն առկա շինություններն իսկ իրենց աղմուկով չարիք են շենքի բոլոր բնակիչների համար»:

Դեռ մայիսի վերջին էր բնակիչներից Նաիրա Զուրաբյանն ահազանգել PanARMENIAN.Net-ին և տեղեկացրել խնդրի մասին, որից հետո թաղամաս էր այցելել քաղաքապետարանի աշխատակիցն ու հայտարարել, որ ոչ մի ծառահատում և շինարարություն չի լինի: PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշել էր, որ խնդիրը կուսումնասիրվի: PanARMENIAN.Net-ն այժմ սպասում է քաղաքապետարան ուղարկված հարցման պատասխանին, թե ուսումնասիրությունը կատարվե՞լ է և ի՞նչ հետևություններ են արվել, որոշումներ կայացվել: