31 հուլիսի 2013 - 16:00 AMT
Ս. Օհանյան. Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ որևէ խտրականություն գոյություն չունի

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Մեդիա-Շանգալ» եզիդների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել եզդի ժողովուրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը և նրանց ունեցած մեծ դերը բանակաշինության գործում: Ս.Օհանյանը ընդգծել է նաև որ Հայաստանում որևէ խտրականություն գոյություն չունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ միասին մասնակցում է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար «Մեդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը նշել է, որ իրենց նորաստեղծ ՀԿ-ն նպատակ ունի իր մասնակցությունը բերել նաև ՀՀ զինված ուժերի արդիականացման գործին, պայքարել ԶՈւ-ում առկա արատավոր երևույթների դեմ, նվազեցնել բանակում մահվան ելքով դեպքերը և ապահովել ԶԼՄ-ների կողմից դրանց ճիշտ լուսաբանումը, բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը: Ա.Շարոյանը եզդի ժողովրդի անունից վստահեցրել է, որ եզդիները ՀՀ մյուս քաղաքացիների հետ միասին պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները թշնամիների հարձակումներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ: