Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինարարության և բարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Ավելի քան 64 հազար քմ ընդգրկող ճանապարհի հիմնական մասում աշխատանքներն ավարտվել են:
Ճանապարհի հարթեցումից հետո այստեղ կատարվել է ոչ միայն երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում, այլև մայթերի նորոգում ու եզրաքարերի փոխարինում, անձրևատարների և դիտահորերի նորոգում, նաև՝ նորերի կառուցում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ:
«Շինարարների առջև անհրաժեշտ որակն ապահովելու խնդիր է դրված, և այդ ուղղությամբ քաղաքապետարանի պատասխանատուների հսկողությունն ամենօրյա է: Մեր պահանջը հստակ է. այդ ճանապարհները պետք է երկար ծառայեն երևանցիներին ու դրա պատասխանատուն հենց կապալառուն է: Շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրերում հստակ նշված է, որ առաջիկա 5 տարիներին ճանապարհի սպասարկումը պետք է իրականացնի հենց այն կազմակերպությունը, որը կատարել է այդ աշխատանքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: