Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող 2.6 կմ երկարությամբ նոր ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ և հետևել է ընթացող աշխատանքներին:
Նոր կառուցվող ավտոմայրուղին, համաձայն նախագծի, կունենա երկու ուղղություններով 2-ական երթևեկաշերտ և շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ` մի կողմից միանալով Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից՝ Լենինգրադյան փողոցին:
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինհրապարակում աշխատանքներն ընթանում են երկու հերթափոխով՝ սահմանված ժամանակացույցի համաձայն, ինչը թույլ կտա արագընթաց մայրուղին հնարավորին շուտ հանձնել շահագործման:
«Լենինգրադյան-Իսակով ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտված է: Արդեն պատրաստ է Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհի թունելային և Իսակովի պողոտայի կամրջի հատվածները:
Առաջիկայում կավարտվեն նաև դրանց արտաքին հարդարման աշխատանքները: Հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ ևս կտարվեն աշխատանքներ: Վստահ եմ, երբ ճանապարհը շահագործման հանձնենք, կունենանք ոչ միայն որակյալ, այլև բարեկարգ ճանապարհ»,- ասել է Տարոն Մարգարյանը: