4 օգոստոսի 2013 - 12:23 AMT
Հրաչյա Հարությունյանի որդու շիրմաքարը կպատվիրեն Ռուբեն Հայրապետյանի տրամադրած գումարով

Մոսկվայում խոշոր ՃՏՊ հետևանքով ձերբակալված հայ վարորդՀրաչյա Հարությունյանի դուստրը ֆեյսբուքի իր էջում գրառում է թողել, որտեղ տեղեկացնում է Ռուսաստանի հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանից ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից ստացած ֆինանսական օգնության մասին։ Լիլիթ Հարությունյանը մասնավորապես գրել է․

«Օրեր առաջ Հարությունյանների ընտանիքը Ռուսաստանի հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանից ստացել է 3000 ԱՄՆ դոլար վաղաժամ մահացած եղբորս շիրմաքարը պատվիրելու ինչպես նաև որոշ ծախսեր հոգալու համար: Պարոն Աբրահամյանի աջակցությանը զուգահեռ դարձյալ եղբորս շիրմաքարը պատվիրելու համար մեր ընտանիքին աջակցել է նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այսպիսով եղբորս շիրմաքարի բոլոր ծախսերը մենք հոգում ենք Ռուբեն Հայրապետյանի ֆինանասական աջակցության շնորհիվ, իսկ Արա Աբրահամյանի նվիրաբերված գումարը կծախսվի այլ նպատակներով»։

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: