5 օգոստոսի 2013 - 14:49 AMT
Ադրբեջանն ու Թուրքիան միասնական բանակ են ստեղծո՞ւմ. Ըստ փորձագետի` դա անհնար է. Ֆանտաստիկա

Ադրբեջանն ու Թուրքիան ձեռնամուխ են եղել միասնական բանակ ձևավորելուն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը: «Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների անցկացրած համատեղ զորավարժություններն ապացուցում են, որ երկու պետությունները միասնական տեսակետ ունեն տարածաշրջանային խնդիրների ու անվտանգության հարցերի շուրջ: Եվ այդ հարաբերությունների տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական բաղկացուցիչներին զուգահեռ՝ ստեղծվում է դրանց ամենակարևոր բաղկացուցիչներից մեկը»,- ասել է պատգամավորը:

Անհասցե հայտարարություն է, որն արվել է քաղաքական գործչի կողմից, ով բավական հեռու է ռազմական գործից: Զահիդ Օրուջի հայտարարությունն այսպես է մեկնաբանում ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ պատգամավորի հայտարարությունը շատ լուրջ ընդունելը սխալ կլինի, որովհետև ռազմական գործից բավական հեռու լինելով, նա չէր էլ կարող հասկանալ, թե ինչ է նշանակում երկու տարբեր պետություն ու մեկ բանակ: «Եթե բանակը միասնական է, չի կարող երկու պետություն լինել, մեկ բանակը մեկ պետություն է: Եթե այսօր նայենք անկախ Թուրքիային և անկախ Ադրբեջանին, դա անհնար է, որովհետև այնտեղ էականորեն տարբեր համակարգեր են, կա նաև մեծ տարբերություն բարոյահոգեբանական առումով: Դա մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, այլ բան է, որ նրանք կարող են շատ ակտիվ համագործակցել, փորձել առավելագույնս մոտեցնել, բայց որ կդառնան միասնական բանակ, անհնար է»,- ասաց նա: Ռամական փորձագետի բնորոշմամբ` այդ հայտարարությունը զուտ քաղաքական է, ուղղված վախեցնելուն, որը չի կարող որևէ ազդեցություն ունենալ. «Այդ հայտարարությունը լուրջ ընդունելու իրավունք չունենք»: