Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատական հայց է պատրաստում Երևան քաղաքում ավտոկայանատեղիների հետ կապված հարցերով զբաղվող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության դեմ: ԻԱԿ-ն ընկերության գործունեության մասին տեղեկության մասին հարցում է ուղարկել, որին «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից պատասխանել են. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ընկերությունը հանրային նշանակության կազմակերպություն չէ, քանի որ ընկերությունը հանրությանը ծառայություն չի մատուցում և ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի, հետևաբար «Տեղեկատվության ազատության մասին օրենքը» ընկերության վրա չի տարածվում և ընկերությունը պարտավորություն չունի տրամադրել տեղեկություն»:
««Փարքինգ Սիթի Սերվիս»-ը համարում է, որ ինքը հանրությանը ծառայություններ չի մատուցում և ուրեմն տեղեկություն տրամադրելու պարտականություն չունի։ Փաստորեն ծառայություն չի մատուցում, բայց մենք վճարում ենք։ Այս գործով էլ ենք գնում դատարան», - ֆեյսբուքի իր էջում գրել է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։