
ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը շարունակում է աշխատանքները բնակչության իրազեկման ուղղությամբ, այդ թվում` նաև ՀՀ ԱԻՆ աշխատակազմի նոր աշխատակիցների շրջանում: Այսօր նախարարությունում կազմակերպվել էր սեյսմիկ պաշտպանության թեմաների վերաբերյալ դասընթաց` ճգնաժամային կառավարման կենտրոնում աշխատող հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Երկրաշարժն այն բնական երևույթն է, որն առավել արդիական է մեր տարածաշրջանի համար և դրա վերաբերյալ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը հրատապ խնդիրներից մեկն է, իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ համարվում են բնակչության առավել խոցելի խավերից:
ՀՀ ԱԻՆ աշխատակիցները (հատկապես` օպերատիվ կառավարման ոլորտում ընդգրված) պետք է հստակ պատկերացում ունենան երկրաշարժի առաջացման, պատճառահետևանքային կապերի և դիմակայման մեխանիզմների վերաբերյալ, որպեսզի ցանկացած պահի կարողանան օգնություն ցուցաբերել բնակչությանը:
ՍՊԾ գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը դասախոսության ընթացքում ներկայացրել է «Երկրաշարժ, որտեղ, ինչու, երբ: Հայաստանում տեղի ունեցող երկարաշարժերի առանձնահատկությունները» թեման, որից հետո սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության աշխատակցուհի Հ. Կիրակոսյանը ունկնդիրներին ծանոթացրել է երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին:
Դասընթացի ժամանակ ծավալվել էր ակտիվ քննարկում, տրվում էին բազմաթիվ հարցեր, որոնց մասնագետները տալիս էին պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ: