9 օգոստոսի 2013 - 15:36 AMT
ԿԱՐԾԻՔ
«Սև ցուցակ» ադրբեջանական կատակերգություն. Մաս 2-րդ

Օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջապես հրապարակեց իր հայտնի «սև ցուցակը», բաղկացած 335 մարդկանց անուններից, որոնք այցելել են Արցախ: Անկեղծ ասած, այս արարքը հանճարեղության հասնող հիմարության է, եթե հաշվի առնենք, որ եթե մինչ «սև ցուցակի» հրապարակումը այն ժպիտ էր առաջացնում, իսկ հրապարակումից հետո Ադրբեջանն ուղղակի համաշխարհային ծաղրի առարկա դարձավ: Սովորական մարդկանցից բացի Բաքուն ներառել է ցուցակում նաև համաշխարհային հեղինակություն վայելող անձանց, իսկ որքան շատ են ցուցակում արտասահմանցի խորհրդարանականները, լրագրողներն ու փորձագետները…

Արձագանքերը սև ցուցակին հիմնականում նույնն էին՝ դա ծիծաղելի և անհեթեթ: Իր անունն այդ ցուցակում հայտնաբերածներից ոչ մեկը ափսոսանք չի հայտնել այն մասին, որ եղել է Արցախում: Ճիշտ հակառակը՝ ով մեկ անգամ արդեն այցելել է Արցախ, որոշել է անպայման կրկին անգամ լինել այնտեղ: Կան մարդիկ, որոնք չեն գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել են Ղարաբաղում: Նման մարդիկ կոչ են անում ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց ևս անցանկալի անձ համարել Ադրբեջանում: Ցուցակում կան նաև մարդիկ, որոնք երբեք չեն եղել Արցախում, սակայն այժմ որոշել են անպայման գնալ այնտեղ:

Ցանկացած երկրում նման խայտառակությունից հետո կաշխատեին լռության մատնել ցուցակի հետ կապված այս ամբողջ պատմությունը: Իսկ նման քայլի դրդած փիարով զբաղվող մարդկանց՝ հեռու և ընդմիտշ հեռացնել ասպարեզից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար նման խլացուցիչ, համաշխարհային գովազդ ապահովելու համար, որտեղ այցելողների թիվն, անկասկած, կաճի: Նույնիսկ, ելնելով զուտ հետաքրքրասիրությունից:

Սակայն ոչ Ադրբեջանում: Այնտեղ ավելի հեռուն գնացին ու որոշեցին էլ ավելի ուռճացնել իրենց խայտառակությունը: Բաքվում որոշեցին, որ ՎՈւԱՄ անդամ 4 պետությունները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է համաձայնագիր կնքեն «այդ երկրներում ընդունված սև ցուցակների» փոխադարձ տարածման մասին» և պայմանագիր կնքեն ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Ըստ ադրբեջանական տրամաբանության, Արցախ, կամ, օրինակ, Աբխազիա այցելած մարդկանց մուտքը պետք է արգելվի ՎՈւԱՄ բոլոր երկրներ: Իսկ եթե այցելուն այդ պետություններից որևէ մեկի քաղաքացի է, ապա հայրենիք վերադառնալուն պես «նա պետք է տուգանվի կամ այլ պատժամիջոցների ենթարկվի»:

Ավելին, Ադրբեջանում առաջարկում են նմանատիպ պայմանագիր կնքել նաև ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ՝ վախեցնելով նրանով, որ Արցախ այցելող մարդիկ չեն կարողանա մեկնել Անթալիայի հանգստավայրեր, կամ «այլևս երբեք չեն տեսնի Բոսֆորը»: Հիշեցնենք, որ Անթալիայից բացի բազում այլ միջերկրածովյան հանգստավայրեր կան, այլ ծովերի ափերին գտնվողներն՝ առավել ևս, իսկ Թուրքիան այցելուների պակաս չի զգում Եվրոպայից հիմնականում ցածր գների շնորհիվ: Այնպես որ, Ղարաբաղ այցելած մարդիկ, հանգստից հաստատ չեն զրկվի: Եվ Թուրքիան էլ հազիվ թե դրան գնա, իր «փոքրիկ» եղբոր քմահաճույքի պատճառով չզրկվելու համար զբոսաշրջիկներից, որոնք թուրքական ափերում վատնում են իրենց գումարները, և նոր միջպետական հակամարտություններ չհրահրել, որոնք առանց այդ էլ շատ են:

Մնում է փիարի ադրբեջանցի մասնագետներին անվճար խորհուրդ տալ՝ որքան հնարավոր է հեռու պահեք «ձեր սև ցուցակը» և մոռացեք այդ էժանագին ներկայացման մասին, չէ որ դեռ Ադրբեջանի վրա ծիծաղում են, բայց կարող են նաև զայրանալ: Իսկ դա ձեզ պե՞տք է»:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News