13 մարտի 2006 - 17:52 AMT
Իրանը առաջարկում է ուրանի հարստացման աշխատանքներն անցկացնել Թուրքիայի տարածքում
Իրանն առաջարկում է Թուրքիային անցկացնել նրա տարածքում ուրանի հարստացման կամ միջուկային վառելիքի վերամշակման աշխատանքներ: Թեհրանը նաեւ առաջարկում է Թուրքիայի խորհրդարանականներին եւ լրագրողներին այցելել Իրանի միջուկային օբյեկտներ: «Մենք Թուրքիային ավելի ենք վստահում: Մենք կարող ենք քննարկել այդ նախաձեռնությունները որպես նախաձեռնությունների փաթեթի մի մաս: Ինչպես հայտնի է, վեճերը վերաբերում են ուրանի հարստացմանը, միջուկային վառելիքի վերամշակմանը, սակայն ոչ միայն դրան: Մեզ համար ավելի լավ կլինի, եթե նախաձեռնություններից մեկն իրագործվի թուրքական տարածքում»,-հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպան Ֆիրուզ Դեվլեթաբադին: Նրա խոսքերով, խնդիրն ունի իր տեխնիկական եւ իրավական կողմերը, որոնք հետագայում կարող են քննարկվել փորձագետների կողմից: «Մենք կողմ ենք Թուրքիայի ներգրավմանը այդ գործընթացին: Միաժամանակ մենք հրավիրում ենք թուրքական կողմին եւ նրա ընկերություններին մասնակցել Իրանի միջուկային ծրագրերի իրագործմանը»,-նշել է դիվանագետը:
Նշենք, որ պաշտոնական Անկարան բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի առիթով եւ կոչ է արել նրան հավատարիմ մնալ խաղաղ նպատակով ատոմի էներգիայի օգտագործման ընդունված միջազգային նորմերին: Թուրքիան նաեւ հայտարարել էր հարեւն երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում բացասական հետեւանքների մասին միջազգային հանրության համար, հաղորդում է թուրքական «Ենի Սաֆակ» թերթը: