13 մարտի 2006 - 19:05 AMT
2008-2010 թվականներին կվերանայվի ՀՀ ռազմավարական պաշտպանության համակարգը
2008-2010 թվականներին կվերանայվի Հայաստանի ռազմավարական պաշտպանության համակարգը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է ստեղծել մի մարմին, որը կծրագրի ռազմավարական պաշտպանության համակարգը, կստեղծի զեկուցման մեխանիզմներ, կճշտի հրամանատարական օղակները եւ քաղաքացիական պաշտոնները, կստեղծի կոնվերսիայի մեխանիզմներ անձնակազմի եւ ենթակռուցվածքների հնարավոր կրճատման դեպքում, ինչպես նաեւ կգնահատի հնարավոր ծախսերը: Ա.Աղաբեկյանը նշել է, որ Հայաստանի ՊՆ-ն, Գլխավոր շտաբը, ռազմական միավորումները եւ ստորաբաժանումները ստեղծվել են ռազմական գործողությունների ընթացքում: «Միավորումների տեղաբաշխումը, խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների խնդիրների կոնկրետացումը իրագործվում էր այն խնդիրների համաձայն, որոնք ծառացած էին հանրապետության ՊՆ եւ ԶՈՒ-ի առջեւ` բոլոր հնարավոր ռազմական ուժերով դիմակայելու համար չհայտարարված պատերազմին»,-ասել է Ա.Աղաբեկյանը: Նոր համակարգը պահանջում է ՊՆ-ից մշակել երկու հիմնական ծրագիր, որը նախատեսում է ինչպես ղարաբաղյան խնդրի կարգավորման կոնկրետ ուղիներ, այնպես էլ այդ խնդրի չկարգավորումը տեսանելի ապագայում: «Դրանից է կախված Զինված ուժերի կրճատումը, ստորաբաժանումների վերատեղակայաումը ինչպես աշխարհագրական, այնպես էլ մարտական խնդիրների կատարման տեսակետից»,-հայտարարել է Ա.Աղաբեկյանը: